27 սեպտեմբերի 2019 - 18:01 AMT
Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը կփոխվի ավելի ծանրով՝ առանձնապես խոշոր չափերի վատնման հոդվածով

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ: Վերջինիս պաշտպան Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտարարել էր, որ նախկին ոստիկանապետին առաջադրված մեղադրանքը սխալ է, քրեական հետապնդումն էլ «չունի որևէ հիմք և ակնհայտ անօրինական է»:

«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասվում է հայտարարության մեջ:

Քննչական կոմիտեից նաև հաղորդել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին:

Դատախազի ցուցման հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը: