28 սեպտեմբերի 2019 - 13:00 AMT
Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվել է, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ սեպտեմբերի 28-ին վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը։

Դատավոր Անա Դանիբեկյանը քննում է Մարտի 1-ի գործը, որով մեղադրյալ են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը ու Միքայել Հարությունյանը, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։