30 սեպտեմբերի 2019 - 12:59 AMT
Վարչապետ. Հայերը երբեք չեն մոռանա Ժակ Շիրակի անկեղծ բարեկամությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում, մասնավորապես, ասված է.«Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի և մեծ մարդու:

Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում և միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար:

Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքին ու բարեկամներին: Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում»:

Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»՝ դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհումառաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրիհանդեպ ցուցաբերած ուշադրության և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:

Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին: Հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ: