30 սեպտեմբերի 2019 - 15:25 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն և ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ:

«Ժառանգությունը դուրս է եկել ժողովրդի ծոցից, և սա անձի կուսակցություն չէ»,-ասել է նա, հայտնում է Shantnews-ը:

Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ չնայած Րաֆֆի Հովհաննսիայնը լռում էր, բայց կուսակցությունը մշտապես հանդես է եկել հայտարարություններով և իշխանությունների նկատմամբ քննադատություններով։ Անդրադարձել է նաև Ամուլսարի խնդրին՝ չպաշտպանելով ոչ մի կողմին:

Նրա խոսքով՝ իրենք մտահոգված են եղել նաև Հայաստանի տնտեսական վիճակով, սակայն դա չի նշանակում, որ բնապահպան-ակտիվիստները պետք է ինքնաբացարկ հայտնեն Ամուլսարի հարցում։

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ներկա իշխանության գործունեությանը վերաբերող հարցերին:

«Գլոբալ առաջընթաց կա, բայց կան առանձին հարցեր, որոնք հարցականներ են հարուցում: Շատ բան դեռ կախված է Նիկոլ Փաշինյանի անձից, ու դա մտահոգություն է առաջացնում: Պարոն Փաշինյանը պետք է տարբերվի նախորդներից, քանի որ նա ճիշտ մարդն էր ճիշտ ժամին, բայց ապագայի համար պետք է հասկանա համակարգային, ինստիտուցիոնալ հավաքական պատասխանատվության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Դա պետք է անել նաև հաջորդ իշխանությունների համար»: