30 սեպտեմբերի 2019 - 16:10 AMT
ՀՀ նախագահ. Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական հարաբերությունների ճարտարապետներից էր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն և գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:

Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման գործում», հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»՝ դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհումառաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրիհանդեպ ցուցաբերած ուշադրության և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:

Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին: Հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ: