30 սեպտեմբերի 2019 - 21:21 AMT
Նախագիծ․ Ռազմական բյուջեն 2020-ին կկազմի մոտ 301 մլրդ դրամ

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով։

Բյուջեի նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 30-ի կառավարության արտահերթ նիստի ընթացքում։ Նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պիտի ընդունվի ԱԺ-ում ու ստարոգրվի նախագահի կողմից։

2019 թվականին պաշտպանության ծախսերը գրեթե նույնն էին՝ մոտ 300․6 մլրդ դրամ։

2019-ի բյուջեի նախագծով «ռազմական կարիքների բավարարում» ենթածրագրին 194․2 մլրդ դրամ է հատկացվելու 2019-ի մոտ 190 մլրդ դրամի դիմաց։

Զգալիորեն աճելու է բանակի շենքային պայմանների բարելավման աշխատանքների ծավալը․ 2019-ի 66 մլրդ դրամի դիմաց պլանավորվում է հատկացնել 97․2 մլրդ դրամ։

ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում 2019-ի 42․8 մլրդ դրամի ավտոմոբիլային ու ինժեներական տեխնիկայի դիմաց 2020-ին գնվելու է մոտ 13 մլրդ դրամի տեխնիկա։

Վերջին տարիներին ՀՀ-ն կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերը։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։

ՀՀ 2020 թ. պետբյուջեն ծախսերի գծով կկազմի 1.880 տրիլիոն դրամ։