1 հոկտեմբերի 2019 - 13:54 AMT
Արցախում հակառակորդի դիվերսիան կասեցրած և ԱԹՍ-ն խոցած զինվորները մեդալներ են ստացել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր զինծառայողներին պարգևատրելու մասին։

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք: