1 հոկտեմբերի 2019 - 15:08 AMT
Վրացի լրագրողը ճեղքել է անվտանգության աշխատողների «պատն» ու հարց ուղղել Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն է ունեցել միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը:

Վերջինս ճեղքել է անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվել՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից», հայտնում է Aysor.am-ը:

«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», - արձագանքել է Վլադիմիր Պուտինը:

Լրագրողը կոնկրետացրել է հարցը՝ «ե՞րբ», ՌԴ նախագահի պատասխանը, սակայն, լսելի չի եղել:

2008-ի օգոստոսին Վրաստանի և ՌԴ միջև 5-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից, հռչակվեց անկախ հանրապետություն, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Պատերազմի արդյունքում զոհվեց մոտ 850 մարդ, ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 120.000 մարդ ստիպված եղավ հեռանալ տնից: Մոտ 30.000 վրացի մինչ օրս չի կարողանում վերադառնալ Հարավային Օսիա: Պատերազմը կասեցվեց ԵՄ և անձամբ Նիկոլյա Սարկոզիի միջնորդությամբ:

2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին: