2 հոկտեմբերի 2019 - 12:20 AMT
Ծառուկյան. ԱԺ-ն չէ Հրայր Թովմասյանի հեռանալու հարցը որոշողը, ԲՀԿ-ն չի քվեարկի

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասել է, որ Ազգային ժողովը չէ այդ հարցը որոշողը:

«Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել: Նա չի համապատասխանում իր պաշտոնին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ: «Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, թե ոչ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։