Ազգային Ժողովը քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ, իսկ կառավարության առաջարկն է դարձնել 68 հազար դրամ, հայտնում է Panorama.am-ը:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանի համար կառավարության առաջարկն ընդունելի էր, սակայն, ռիսկային: Պատգամավորն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել փուլային եղանակով. 2020թ-ի հունվարի 1-ից սահմանել 63.000 դրամ, իսկ 2021թ-ի հունվարի 1-ից՝ 68.000դրամ: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը քվեարկությամբ ընդունել է Կառավարության առաջարկը:
Նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը նշել է, որ ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ է։ Նրա խոսքով՝ սկզբում առաջարկել են բարձրացնել մինչև 63 հազար դրամ, և այդ չափը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեին բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է և դրանով պայմանավորված հաշվարկվում են պետական աշխատողների աշխատավարձերը։
«Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատող, աշխատավարձը ֆիքսված էր նվազագույն աշխատավարձի չափով, և նրանք բողոքում էին ցածր աշխատավարձից։ Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,- ընդգծել է պատգամավորը։
Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ կառավարությունն էլ առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Այս դեպքում, ըստ նրա, կբարձրանա բազային աշխատավարձը, արդյունքում նաև փոփոխություններ պետք է լինեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչն արդեն արվել է։