Հաշվի առնելով Երևանում «Սանիթեք» ընկերության կողմից աղբի սիստեմատիկ չհավաքման փաստը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատարների անբավարար քանակը, 2019-ի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը և մի շարք այլ հանգամանքներ, Երևանի քաղքապետարանը միակողմանի լուծարել է ընկերության հետ պայմանագրերը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով:
Քաղաքապետն իր խոսում նշել է, որ 2017 թվականից Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ այդ գործում և այդ իրավիճակը շարունակվել է մինչև 2019 թվականի սեպտեմբեր:
Քաղաքապետի խոսքով՝ փաստերը ստիպել են ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը և, ընդհանրապես, որքանով է օրինական այդ պայմանագրերի կնքումը:
Մարությանի հանձնարարությամբ՝ 2019 թվականի հուլիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը:
«Սանիթեքը» մի քանի անգամ տուգանվել է Երևանում պատշաճ աղբահանություն չիրականացնելու համար:
Սեպտեմբերի 2–ին «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդել էր, որ Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 դրամ: