27 հոկտեմբերի 2008 - 15:47 AMT
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. Ուժային ճանապարհով հակամարտությունները լուծելու ցանկացած փորձ անհաջողության է մատնված
«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է բաց երկխոսություն հակամարտության կողմերի միջեւ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը ցույց տվեց, որ այս առումով Հայաստանը հանդես է գալիս խաղաղության եւ համագործակցության դիրքերից: Մենք համոզված ենք, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-այսօր Երեւանում մեկնարկած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, նման խորհրդաժողովների անցկացումը կնպաստի սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: «Մենք գտնում ենք, որ ուժային ճանապարհով հակամարտությունները լուծելու ցանկացած փորձ անհաջողության է մատնված եւ տնտեսական եւ մարդկային կորուստներ կբերի: Այս համատեքստում Հայաստանը մեծապես կարեւորում է քաղաքական, տնտեսական եւ մշակութային երկխոսության զարգացումը սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ»,-նշել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: