4 հոկտեմբերի 2019 - 13:20 AMT
Vader խմբի՝ Տիկնիկայինում չեղարկված համերգի նոր վայրը հայտնի է

Լեհական Vader դեթ մետալ խմբի համերգը կայանալու է նախատեսված օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 20։00-ին Poligraf ակումբում: Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ Zhesht Events-ն իր ֆեյսբուքյան էջում:

«Մենք ապշած ենք ամբողջ աշխարհից ստացված աջակցության խոսքերից։ Աջակցություն հայտնեցին նաև Poligraf-ի մեր ընկերները, ովքեր մեծահոգաբար առաջարկեցին իրենց ակումբը համերգի անցկացման համար»,- գրված է կազմակերպչի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Տիկնիկային թատրոնը չեղարկել էր լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվել էր ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։ Համերգի չեղարկումը քննադատել էին նաև հայ երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:

Vader խումբը համարվում է լեհական դեթ մետալի վետերաններից: Vader-ը ստեղծվել է 1983 թվականին՝ անունը վերցնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից։

Կարդացեք նաև Տիկնիկայինի տնօրեն Ռուբեն Բաբայանի մեկնաբանությունը իրավիճակի կապակցությամբ