7 հոկտեմբերի 2019 - 16:13 AMT
Վայոց ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ստացել են Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ դիմումը սահմանված ժամկետում կներկայացվի վարչապետի աշխատակազմին:

Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ միջադեպին ներկա էին եղել նաև Վայոց ձորի մարզպետն ու նրա տեղակալը։ Ավելի ուշ մարզպետը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին: Մարզպետի օգնականին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, նա կալանավորվել է:

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտարարություն էր տարածել, նշելով՝ որոշել է վայր դնել մարզպետի լիազորությունները՝ ՀՀ-ում մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո: