8 հոկտեմբերի 2019 - 11:32 AMT
Երվանդ Մանարյանը և Բորիս Պիոտրովսկին՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Հայտնի դերասան Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։Մաեստրո Մանարյանը ոչ միայն մեծ արտիստ է, այլև օրինակելի քաղաքացի»,-ասվում է նրա գրառման մեջ:

Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն ևս շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Երվանդ Մանարյանը հայտնի դերասան է, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: 1988-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է։

2018-ին Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել: