8 հոկտեմբերի 2019 - 17:51 AMT
IEEE –ն իր ներկայացուցչությունը կունենա Հայաստանում

Տեղեկատվական տեխնոլոգիաների թիվ մեկ միջազգային կազմակերպությունը` Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը (IEEE), իր ներկայացուցչությունը կունենա Հայաստանում. կբացվի IEEE-ի համակարգչային բաժնի մասնաճյուղը: Այս մասին Երևանում անցկացվող WCIT 2019-ի համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային Սինոփսիս ընկերության ճարտարագետ Երվանդ Զորյանը:

IEEE-ի նախագահ Չեչիլիա Մետրան, ով Հայաստանում է, ներկայացրել է ինստիտուտի մասին տեղեկություններ, նշելով, որ այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ունի 450 հազար անդամներով, ամեն տարի հովանավորում է ավելի քան 1600 տեխնիկական կոնֆերանսներ, հայտնում է Panorama.am-ը:

«Հայաստանը շատ ակտիվ է՝ հիանալի գիտնականներով և այս կոնֆերանսը տպավորիչ է: Հուսով եմ, մենք կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն Հայաստանի գիտնականների հետ»,-ասել է Չեչիլիա Մետրան:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կարևորել է IEEE-ի մասնաճյուղի ներկայությունը Հայաստանում՝ նշելով, որ IEEE-ին ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում՝ էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների, սեմինարների կազմակերպման և գիտության զարգացման տեսանկյունից:

«Այս կենտրոնի բացումը Հայաստանում մեծագույն իրադարձություն է ՀՀ տեխնոլոգիական արդյունաբերության համար»,-ասել է Արշակյանը:

Նախարարը, խոսելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա մրցանակաբաշխության մասին, որը տրվում է ավելի քան 10 տարի, նշել է, որ նպատակ ունեն այն միջազգայնացնել:

«Այս տարի դեկտեմբերին մենք կունենանք այդ մրցանակաբաշխությունը, որը միջազգային դարձնելու խնդիր ունենք, որպեսզի այն միջազգայնորեն ճանաչված լինի: Այդ իսկ նպատակով, այդ մրցանակն այսուհետ կլինի համատեղ մրցանակ՝ IEEE-ի և Հայաստանի կառավարության կողմից: Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտում հայկական մրցանակը դառնում է միջազգային»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը հայտնել է, որ Սիլիկոնյան հովիտ վերջին այցի ժամանակ խնդրել են, որ հաջորդ մրցանակաբաշխությունը, քանի որ այն արդեն միջազգային մրցանակի է վերածվում, տեղի ունենա հենց Սիլիկոնյան հովտում:«Սա մեծ հնարավորություն կլինի մեծ ընկերությունների ղեկավարներին, հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին՝ հավաքելու հայկական օրակարգի շուրջ»,-ասել է նախարարը: