10 հոկտեմբերի 2019 - 10:26 AMT
ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժումը կվատթարացնի տարածաշրջանային անվտանգությունը

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայիռազմական ներխուժումը: Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ՝ այն կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Նշվում է նաև, որ հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:

ԱԳՆ-ում նշում են՝ ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ, ու կոչ անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: ՀՀ-ն նաև կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: