10 հոկտեմբերի 2019 - 12:39 AMT
Տոնոյան. Զոհված սպաների՝ 60.000 դրամ ստացող ընտանիքները հավելյալ 240.000 դրամ կստանան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով հոկտեմբերի 9-ին կայացված որոշմանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այս որոշման հիմքում դրվել է սոցիալական արդարության սկզբունքը: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանա ևս 240.000 դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Այսինքն՝ տրվում է 300.000 դրամ»,- ասել է նախարարը:

Արձագանքելով վարչապետի հարցին՝ արդյոք դրանք ճշգրիտ թվեր են և կապված չեն կոչումների հետ, պաշտպանության նախարարը նշել է, որ թիվը փոփոխության է ենթարկվում՝ կախված կոչումից, ընտանիքի անդամների թվից և այլ չափորոշիչներից: Լրացուցիչ և ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար այս հարցում ՀՀ ՊՆ-ն կհամագործակցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

Փաշինյանն արձանագրել է, որ 1.5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ է տարվել և կառավարության գերնպատակն այն է, որ պրոցեսը հետ տարվի մինչև Հայաստանի անկախության մեկնարկը:

Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշում էր կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Մինչ այս որոշումը փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: