10 հոկտեմբերի 2019 - 12:54 AMT
Ներկրողները գործադիրից խնդրում են, որ աջ ղեկով մեքենաները վերասարքավորվեն ՀՀ-ում

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Ճապոնիայից ավտոմեքենաներ ներկրող քաղաքացիները՝ նրանք խնդրում են, որ աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը Հայաստանում կազմակերպվի:

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո իրենք ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում, հայտնում է Aysor.am-ը:

«Քանի որ Հայաստանում այդ մեքենաների պահանջարկը շատ մեծ է, Վրաստանում այլևս չենք կարողանում հանձնել մեր մեքենաները։ Մյուս կողմից էլ, 2020 թվականի հունվարի 1-ից թանկանում են մեքենաների մաքսատուրքերը։ Մենք ժամանակի խնդիր ունենք. չենք հասցնում վերասարքավորել մեր մեքենաները։ Ուզում ենք բաց նամակով դիմել վարչապետին, որպեսզի թույլ տան այդ մեքենաները վերասարքավորել Հայաստանում», - նշել է անհատ ձեռներեցը։

Մեկ այլ ներկրող նշել է, որ այսպիսով ակամայից հարստացնում են վրացի և ադրբեջանցի մասնագետներին, մինչդեռ աջ ղեկը վերասարքավորելու գործընթացը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստացված հարկերն ուղղելով ՀՀ բյուջե։ «Ամեն մեքենայի վերասարքավորման վրա 5 վարպետ է աշխատում։ Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1000-1500 դոլար՝ գումարած պահեստամասերը։ Ուզում ենք հանդիպել վարչապետին, նրան բաց նամակ փոխանցել», - ասել է նա։