10 հոկտեմբերի 2019 - 13:03 AMT
Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանին զինված հեղաշրջման պլանների մեջ է մեղադրում

«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցի «ֆիզիկապես ոչնչացնելու» ակնարկը վերաբերվում էր նաև վարչապետ Փաշինյանին։

«Նպատակը ռևանշն է՝ փաստորեն արդեն զինված միջոցներով են սպառնում իրականացնել», - ասել է նա, հայտարարելով, որ Բալասանյանը կոնկրետ մարդկանց է մատնանշել, ում պատրաստվում է սպանել։

Ավետիսյանը շեշտել է, որ իրավապահները պիտի ապահովեն մարդկանց անվտանգությունը և արձագանքեն Բալասանյանի հայտարարություններին:

«Մարդը պարզ ասեց՝ կոչնչացնենք ֆիզիկապես․․․ Փաշինյանի, իշխանությունների, մեր իշխանությունների անունն է տալիս, ուղիղ տեքստով ասում է, դրանից ավել ի՞նչ ասի, մնում է իրականացնելը», - ասել է նա։

Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ մի հոգուն՝ ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, արդեն «շարքից հանեցին»։ «Կարևոր չէ՝ իրեն սպանել են, թե դրդել ինքնասպանության, դա, ամեն դեպքում, եղել է», - մասնավորապես, ասել է Ավետիսյանը։

Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 8-ին, խոսելով «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին: Նա նշել էր, որ իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»: