10 հոկտեմբերի 2019 - 13:47 AMT
Փաշինյանը հորդորել է վերացնել Սևանի ափի «հավաբուն հիշեցնող օբյեկտները»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է Սևանա լճի մոտակայքում դրված վագոնների մասին՝ կարծիք հայտնելով, որ լճի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են:

«Այդ մարդիկ աղտոտում են Սևանը, կրում են տնտեսական վնաս, կառավարությունից պահանջում են, որ մարդկանց ուղղորդեն իրենց աղտոտած ջրերում և հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որՓաշինյանի կարծիքով՝ սա քաղաքակրթական հարց է:

Վարչապետը նշել է, որ «փտող և քանդվող վագոնչիկներով» տնտեսվարողները երկար չեն կարող ընտանիք պահել՝ հավելելով, որ Սևանի շուրջը բիզնեսը պետք է քաղաքակրթվի:

Փաշինյանը հորդորել է տնտեսվարողներին մաքրել իրենց «ոտքի տակ» և նշել, որ նրանք վնաս են հասցնում, առերեսվում են իրենց գործողությունների արդյունքների հետ, հետո գնում են ճանապարհ փակում և կառավարությանը ասում են՝ լուծիր այս հարցը:

«Պետք է հասցեական միջոցներ ձեռնարկել: Հիմա զբոսաշրջության զարգացման մասին ենք խոսում: Եթե մի զբոսաշրջիկ այնտեղ հայտնվի, կասի՝ Հայաստան մի՛ գնացեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

2019-ի ամռանը Սևանի ջուրը «ծաղկել» էր: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի նշել էր, որ այդ վիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման հետևանք էր: Հուլիսին առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ խորհուրդ տալով չլողալ Սևանի կանաչ և ջրիմուռներով հարուստ վայրերում: Նույն ժամանակահատվածում Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականցրել՝ պահանջելով կառավարությունից հայտարարել, որ Սևանում լողալը վտանգավոր չէ. Սևանա լճի «ծաղկելու» պատճառով զբոսաշրջիկներ չէին այցելում Սևան, և տնտեսվարող սուբյեկտները սպառնում էին չվճարել հարկերը: