10 հոկտեմբերի 2019 - 14:10 AMT
«Էրեբունի-Երևանի» բյուջեից մոտ 46 մլն դրամ՝ տոնական բրենդավորմանը

«Էրեբունի-Երևան 2801» միջոցառման համար հատկացված 190 միլիոն դրամ բյուջեից 45 միլիոն 840 հազար դրամը տրամադրվել է տոնական բրենդավորմանը (լոգոտիպ, պաստառներ, տեսահոլովակ, ձայնագրություն, վարչական շրջանների համար նախատեսված շապիկներ, գրիչներ և այլն): Այդ մասին ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել:

128 միլիոն 638 հազար դրամ էլ տրամադրվել է 13 միջոցառման համար (12 վարչական շրջաններում, և 1 պաշտոնական միջոցառում), հայտնում է Aysor.am-ը:

«Նախորդ տարի Հայկ Մարությանի բանակցությունների ու բազմաթիվ քննարկումների արդյունքում ի սկզբանե 1 միլիարդից ավելի նախատեսված գումարից «Էրեբունի-Երևան 2800»-ին հատկացված բյուջեն դարձվեց 813 միլիոն 525 հազար դրամ: Սակայն ծախսվեց 507 միլիոն 602 հազար դրամը: Այս տարի այդ թիվն առավել նվազեցրինք՝ արդյունքում ունենալով միջոցառումներ ոչ թե միայն Փոքր կենտրոնում, այլև՝ ամբողջ Երևանում», - ասել է նա:

Մրցույթին մասնակցած, սակայն թղթաբանական ու որակական բացթողումներ արած մի շարք կազմակերպությունների արգելվել է միջոցառումը կազմակերպել, մի քանիսն էլ (այդ թվում՝ ճանաչված կազմակերպություններ) հայտնվել են «սև ցուցակում», որոնք 2 տարի հնարավորություն չեն ունենա մասնակցելու Երևան քաղաքի միջոցառումների համար կազմակերպվող մրցույթներին։