10 հոկտեմբերի 2019 - 15:24 AMT
ԱԽ քարտուղար. Պետք է քննարկենք՝ ինչպես ենք կարողանալու Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովել

Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում են այն սիրիական քաղաքները կամ բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել», - ասել է ԱԽ քարտուղարը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է՝ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։

Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ Զինված ուժերի հումանիտար առաքելությանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, նրանք միանշանակ չեն մասնակցում ռազմական գործողություններին։

«Լուրջ որևէ անհանգստանալու խնդիր չունենք իրենց մասին։ Դա հումանիտար առաքելություն է և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության», - ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են:Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է կազմակերպել նրանց տարհանումը: