10 հոկտեմբերի 2019 - 15:39 AMT
Հայրապետյան. Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թել Աբյադից՝ տուժածներ չկան

Սիրիահայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թուրքիայի գնդակոծության տակ հայտնված Թել Աբյադ քաղաքից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Ղամիշլիին, ապա այնտեղ ունենք մոտ 3 հազար հայ, որոնք շարունակում են մնալ քաղաքում. ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն դեռևս չկա:

Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ»,- ասվում է գրառման մեջ: