12 հոկտեմբերի 2019 - 13:52 AMT
Փաշինյանը Պուտինի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակն է քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն նախօրեին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Ինչպես ինքը Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, նախօրեին նա Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից կարևոր խնդրանքով դիմել էր Պուտինին: «ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար», - նշել է նա։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի աշխատանքների շրջանակում գիրք էր նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Գիրքը կոչվում է «Խաղաղություն Ղարաբաղին», իսկ հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, որը 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր: