14 հոկտեմբերի 2019 - 11:23 AMT
Երևանը կհյուրընկալի աշխարհահռչակ կոմպոզիտորների

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։

Նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը, հայտնում է նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ:

Երեկո կնվիրվի նաև վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։

Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։