14 հոկտեմբերի 2019 - 16:06 AMT
«Հայփոստը»՝ նամականիշների «Եվրոպա» մրցույթի գլխավոր մրցանակակիր

Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019-ի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»:

Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվել է Միացյալ Թագավորության Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցել է 52 եվրոպական երկիր փոստային ոլորտի 150 ղեկավար և պրոֆեսիոնալ:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների EUROPA ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: 2019-ի մրցույթի թեման «Ազգային թռչյուններն» էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել էր մայիսի 9-ից:

Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը տրվել է Սլովենիայի փոստին:

Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Նամականիշը թողարկվել է 2019-ի մայիսի 21-ին, տպագրվել է ֆրանսիական Cartor-ում 30 000 հ տպաքանակով: