Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ 2-րդ նախագահը չէր մասնակցում նիստին։
Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Ռ․Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանական թիմի հարցմանն ի պատասխան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենից ստացված տեղեկությունը, հայտնում է Panorama.am-ը:
Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս շարունակվում է նրա հետվիրահատական-վերականգնողական բուժումը, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված հետվիրահատական բուժման ընթացքից և արդյունավետությունից), Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին հնարավոր չէ։
Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։
Դատարանը հետաձգել է նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Թե ինչ վիրահատություն է կատարվել, ԲԿ-ից չեն հայտնել՝ անձնական տեղեկություն է։Քոչարյանը սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին 2 անգամ տեղափոխվել էր կենտրոն՝ հետազոտման։ Ըստ նրա որդի Լևոնի, որևէ լուրջ խնդիր 2-րդ նախագահը չունի։
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա անցնում է Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։