16 հոկտեմբերի 2019 - 10:21 AMT
ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հարցը

Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը: Vesti.ru-ի հաղորդմամաբ՝ այդ մասին հայտարարել է կազմակերպության փոխնախագահ Միշել Ուվան:

«Մենք աշխատելու ենք մեր իրավասության շրջանակում՝ հարգելով սպորտի անկախությունն ու ինքնավարությունը: Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին: ՈՒԵՖԱ-ում որոշումը կընդունվի կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցությունից հետո»,- ասել է նա:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում քուրդ խմբավորումների դեմ: Երկրի նպատակն է ստեղծել բուֆերային գոտի, որը թուրքական սահմանի համար կդառնա պաշտպանիչ գոտի: Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչը պետք է կայանա 2020 թ. մայիսի 30-ին Սպամբուլի Օլիմպիական մարզադաշտում: