16 հոկտեմբերի 2019 - 14:53 AMT
Զատուլինն «անպարկեշտ հիստերիա» է որակել Ադրբեջանի նոտան

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «անպարկեշտ հիստերիա» է որակել Ադրբեջանի նոտան, ուղղված ՌԴ ԱԳՆ-ին Զատուլինի Արցախ կատարած այցի վերաբերյալ:

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի Արցախ այցելության կապակցությամբ:

Զատուլինը հավելել է, որ ինքը զենք չի վաճառում, այլ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ադրբեջանն անընդհատ ինչ-որ անպարկեշտ հիստերիաներ է սարքում այցերի պատճառով: Ես զենքով առևտուր չեմ անում: Ես հանդես եմ գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին»,-ասել է Զատուլինը:

«Ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ լինելն արդեն ոչ ոքի չի զարմացնում: Նրանք ոչ միայն իրենց իրավունք են վերապահում վիրավորելու, ինչ-որ բաներ վերագրելու, զրպարտելու, հրապարակավ ինչ-որ բաներ ասելու այցերի վերաբերյալ, այլ նաև իրենց իրավունք են վերապահում որոշելու, թե որոնք են մեր շահերը»,-ասել է ռուս պատգամավորը:

Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Արցախի բարեկամների համաժողովում հայտարարել է, որ Արցախը չի կորցնի իր պետականությունը, իսկ «Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում»:Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ինԿոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար: