30 հոկտեմբերի 2008 - 18:01 AMT
Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես թշնամի, բայց ԱՄՆ-ին զգուշացնում է ոչ մի դեպքում չճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես սպառնալիք կամ թշնամի եւ այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետի` արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ահմետ Դավութօղլուն Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք պետք է բաց պահենք մեր սրտերը, միտքն ու գիրկը միմյանց ընդառաջ»,- ավելացրել է նա:

Բայց ավելի ուշ թուրքական լրագրողների հետ զրույցում Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ բացասապես կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերի վրա:

Իսկ թուրքական իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ներկայացուցիչ Սուատ Քինիքլիողլուն, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Անկարայի արձագանքը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում, հայտնել է. «Թուրքիան կմոռանա գործընկերության մասին»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի կարգադրությամբ Ահմետ Դավութօղլուն եւ Սուատ Քինիքլիողլուն ԱՄՆ էին մեկնել, որպեսզի հանդիպումներ անցկացնեին ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ Բարակ Օբամայի եւ Ջոն ՄըկՔեյնի խորհրդականների հետ: Այդ հանդիպումների ընթացքում նրանք երկու թեկնածուների խորհրդականներին ներկայացրել են Անկարայի դիրքորոշումը մի շարք հարցերի, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի, PKK դեմ պայքարի, Կիպրոսի հիմնախնդրի եւ այլ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: