30 հոկտեմբերի 2008 - 18:21 AMT
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման դեպքում գերադասելի կլիներ, որպեսզի դա բազմազգ հավաքակազմ լիներ
Եթե պաշտոնական Երեւանն ու Բաքուն որեւէ պայմանավորվածության հանգեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ, ապա այդ մասին հայտնի կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ հասարակություններին: Հայաստանը մշտական հաղորդակցության մեջ է գտնվում ԼՂՀ ղեկավարության հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում խաղաղապահական ուժերի տեղակայման հնարավորության մասին խոսելիս ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդ մասին դեռեւս վաղ է խոսելը, բայց անհրաժեշտության դեպքում ավելի լավ կլիներ, եթե խաղաղապահական հավաքակազմը բազմազգ լիներ: «Ցանկալի կլիներ, որպեսզի այնտեղ գտնվեր ոչ թե մեկ, այլ մի քանի երկրների խաղաղապահական հավաքակազմ, դրանով իսկ կապահովվի միջազգային ներկայությունը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը: