18 հոկտեմբերի 2019 - 13:23 AMT
Սամվել Մարտիրոսյան. Փորձ է արվում ինտերնետ թրաֆիկի վերահսկման մեխանիզմ ստեղծել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է, փաստացի, օգտատերերի ինտերնետ թրաֆիկի վերահսկողության համակարգ ներդնող որոշում, հայտարարել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում։

Խոսքը, ըստ Մարտիրոսյանի, գնում է ՀԾԿՀ կողմից հայաստանյան ինտերնետ պրովայդերներին ուղարկած գրությանը՝ «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագծի մասին։

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ ՀԾԿՀ-ից PanARMENIAN.Net-ին հայտնել են, որ փաստաթուղթն այժմ նախագծի փուլում է և ուղարկվել է օպերատորներին՝ կարծիք հայտնելու համար

ՀԾԿՀ-ն առաջարկում է 2 տարի պահպանել բաժանորդի նույնականացման պայմանագրային համարը (ID), ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը, հեռախոսահամարը և մի շարք այլ տվյալներ:

Մարտիրոսյանի խոսքով՝ այսպիսով փորձ է արվելու վերահսկել ինտերնետ թրաֆիկը: «Եթե կարճ ասենք՝ պարզապես պահանջում է, որպեսզի պրովայդերները, ինչպես նաև բջջային օպերատորները ինտերնետի միացողների հիմնական տվյալները պահպանեն երկու տարի: Բացի դրանից առանձին կետով պահանջվում է, որպեսզի նույնը իրականացվի էլեկտրոնային փոստի դեպքում»,- ասել է Մարտիրոսյանը:

Փորձագետը նշել է, որ տվյալների պահպանումը չի ենթադրում նամակների բովանդակության պահպանում և, հասկանալի է, որ սա, մի կողմից, արվում է իրավապահ մարմինների աշխատանքն արդյունավետ դարձնելու համար, սակայն մյուս կողմից՝ ստեղծվում է վերահսկման ծածուկ համակարգ, մինչդեռ նման որոշումները պետք է հանրային քննարկման դրվեն: Մարտիրոսյանի խոսքով, այս որոշումը կարող է հանգեցնել ինտերնետ կապի թանկացման, Հայաստանի տնտեսական վարկանիշի անկման:

«Խնդիրն այն է նաև, որ կընկնի վստահությունը հայաստանյան ծառայությունների հանդեպ. եթե մարդ իմանա որ իր էլ փոստը վերահսկվում է, հասկանալի է, որ մեծ հավանակաությամբ կդիմի այլ ծառայությունների, որոնք ՀՀ տարածքում չեն և հասանելի չեն ուժային կառույցներին»,- ասել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս գործընթացը փաստացի չունի օրենսդրական կարգավորում. դատարանի որոշմամաբ ուժային կառույցները կարող են անընդհատ ռեժիմով ստանալ տվյալները և վերահսկել մարդու, ով, օրինակ, հանցագործություն չի կատարել, այլ ուղղակի հետաքրքիրում է ուժային կառույցներին:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում մեկնաբանելով ներկա իրավիճակը՝ Մարտիրոսյանը նշեց, որ այժմ օրենսդրական կարգավորումներ չկան այս տվյալների վերաբերյալ և ինտերնետ պրովայդերը կարող է պահպանել կամ չպահպանել դրանք, բայց հարց է, թե ովքեր կարող են ստանալ այդ տվյալները:

«Օրինակ՝ հեռախոսի ձայնագրությունները դատարանի որոշում են պահանջում, նաման տվյալների դեպքում՝ անհասկանալի է: Իհարկե անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ենթադրում է, որ այդ տվյալները չեն կարող բոլորին հասնալի լինել, սակայն ուժային կառույցների դեպքում փաստն ավելի լուրջ է դառնում: Եթե հեռախոսային խոսակցությունների դեպքում դատարանի որոշմամաբ են տրամադրվում, ապա մետա տվյալները՝ ում եմ զանգել, երբ, ինչքան եմ խոսել, օրենքով չկարգավորովող տիրույթում են: Նման տվյալների շատանալով միջին քաղաքացին դառնում է խոցելի՝ վերահսկողության տեսանկյունից»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀԾԿՀ-ից PanARMENIAN.Net-ին հայտնել են, որ փաստաթուղթն ընդունված չէ ու դեռևս գտնվում է նախագծի փուլում։ ԱՅն ուղարկվել է օպերատորներին՝ կարծիք հայտնելու համար։

ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի խոսքով՝ որոշման նախագիծն ուղարկվել է բջջային կապի օպերատորներին՝ նրանցից կարծիք ստանալու համար: Նրա խոսքով՝ սա նախագծի սկզբնական, փուլային տարբերակն է, որտեղ հաշվի են առել Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի կանոնակարգը, միջազգային փորձը: Ըստ Ազիզյանի՝ հանձնաժողովի կողմից մշակված կարգն ուղարկվել է միայն կարծիք ստանալու համար, դրանից հետո ավելի լայն հանրային քննարկումներ կաարվեն: Վերահոսկողություն սահմանելու փորձի մասին կարծքը ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակը չմեկնաբանեց, նշելով, որ որոշումը նախագծային փուլում է և վերջնական տեսքով չէ: