19 հոկտեմբերի 2019 - 15:34 AMT
Երվանդ Մանարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք Երվանդ Մանարյանի ֆեյսբուքյան էջից:

Մարությանն այցելել է Մանարյանի տուն և այնտեղ հանձնել կոչումը՝ նշելով, որ անձամբ իր համար շատ մեծ պատիվ է, որ Երևանն ունի Մանարյանի նման քաղաքացի:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ Նկարահանել է «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» հայտնի ֆիլմերում, ինչպես նաև վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմերում՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: