21 հոկտեմբերի 2019 - 15:10 AMT
2.3 մլրդ դրամ վատնվել կամ յուրացվել է Սևանում իշխանի պաշարների վերականգնման ժամանակ

2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամին և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերություններին հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է կամ փոշիացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

«Մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, և վերջինիս վճարվել է հավելյալ ևս 151.2 մլն դրամ։ 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ և 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Դատախազության հաղորդմամբ՝ պարզվել է, որ ուկրաինական մի ընկերության անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։

«Պարզվել է նաև, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սևան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) և 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի և ցանցավանդակի դետալների) կորուստ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ «Սևանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով՝ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին: