22 հոկտեմբերի 2019 - 11:04 AMT
ՔԿԾ ծառայողների աշխատավարձը մոտ 30%-ով կբարձրանա

Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձը մոտ 30 տոկոսով կբարձրանա: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ ԲադասյանըՔրեակատարողական ծառայության 100-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում:

Նա հավելել է, որ նախագիծն արդեն պատրաստ է:

Անդրադառնալով քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին՝ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։

«Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,-ասել է նա:

Նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։

Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով:

Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: