22 հոկտեմբերի 2019 - 14:16 AMT
Ճապոնիայում կայացել է կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությունը

Ճապոնիայի կայսր Նարուհիթոն պաշտոնապես սկսել է գահակալությունը: Թագաժառանգ Նարուհիթոն դեռևս մայիսի 1-ի կարճ արարողության ժամանակ էր հայտարարել կայսր դառնալու մասին, սակայն նոր ծիսակարգով նա իր քաղաքական կարգավիճակի փոփոխության մասին պաշտոնապես հայտարարել է Տոկիոյում կայացած արարողության ժամանակ, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

«Երդվում եմ, որ գործելու եմ ըստ սահմանադրության և կատարելու եմ իմ պարտականությունները որպես պետության և ժողովրդի միասնության խորհրդանիշ:Հուսով եմ, որ Ճապոնիան հետագայում ևս կզարգանա և իր ավանդը կբերի միջազգային հանրության խաղաղությանն ու բարեկամությանը, ինչպես նաև կնպաստի մարդկանց բարեկեցությանն ու բարգավաճմանը՝ շնորհիվ ժողովրդի իմաստության և անխոնջ ջանքերի,-ասել է կայսրը:

Ճապոնիայի կառավարության հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մասնակցել է Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն 2019-ի ապրիլին պաշտոնապես հրաժարվել է գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: