24 հոկտեմբերի 2019 - 11:36 AMT
Նախագիծ. Ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկներն ԱՆ-ի ենթակայությանը կանցնեն

Ազգային ժողովում քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկները առողջապահության նախարարության ենթակայության տակ դնել: Այդ մասին ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նշվել է, որ հանրապետությունում շատ են մասնավոր բուժհաստատությունները և անհրաժեշտություն կա կարգավորելու հարցը, որպեսզի ռազմական դրության ժամանակ դրանք կառավարվեն մի կետից: Այն լիազորությունները, որոնք մասնավորից ռազմական դրության ժամանակ կփոխանցվեն նախարարությանը, հաստատելու է կառավարությունը:

Աողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն իր հերթին հայտնեց, որ մասնավոր հիվանդանոցային բուժօգնություն սպասարկող հիմնարկներում է տեղավորված հանրապետության մահճակալային ֆոնդի 32 տոկոսը: