1 նոյեմբերի 2008 - 16:08 AMT
Ալի Բաբաջան. Թուրքիան կանի հնարավորը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար
«Կատարվող գործընթացները ցույց են տալիս, որ Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական դիմակայության ու հակամարտության հանգուցալուծման դեպքում տարածաշրջանում կարող է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվել»,-Ստամբուլում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ներկայումս կողմերը քաղաքական կամք են դրսեւորում, ուստի կա հիանալի հնարավորություն երկու վերոնշյալ խնդիրների լուծումն արագացնելու համար:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ վերջին իրադարձությունները Վրաստանում էլ ավելի պայմանավորեցին տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն անել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում: «Պատկերացրեք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բոլորովին նոր հարաբերություններ են հաստատվել: Այդ դեպքում առաջանում են հսկայական առեւտրային, հաղորդակցային, տրանսպորտային եւ էներեգտիկ հնարավորություններ: Մենք կանենք հնարավորը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: