24 հոկտեմբերի 2019 - 14:35 AMT
Արսեն Բաբայան. Իմ դեմ քրհետապնդումը հենց սկզբից ամբողջությամբ ապօրինի է

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով աջակիցներին:

Նա վստահեցրել է, որ չի կատարել այնպիսի արարք, ինչի համար հնարավոր կլինի իրեն ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։

«Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է։ Այդ մասին կխոսեն փաստաբանները։ Միայն նշեմ, որ քննիչը նույնիսկ թույլ չտվեց, որ ձերբակալմանս օրինականությունը քննող դատարանի նիստին ներկա լինեմ։

Բոլորիդ խնդրում եմ ինձ համար հանգիստ լինել։ Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ։Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն լռել և հրապարակային իրենց աջակցությունն են հայտնել ինձ և քննադատել են իմ նկատմամբ իրականացվող խայտառակ ապօրինությունները»,-ասվում է Արսեն Բաբայանի հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշել է կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում: