24 հոկտեմբերի 2019 - 18:01 AMT
Արա Բաբլոյանը և Գագիկ Հարությունյանը հարցաքննվել են ՀՔԾ-ում

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանըև Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը կանչվել են ՀՔԾ՝ հարցաքննության, հայտնում են ՀՔԾ-ում PanARMENIAN.Net-ի աղբյուրները:

Թեմայի վերաբերյալ ճշտող հարցին ՀՔԾ-ի լրատվականում մեկնաբանություն չտվեցին՝ նշելով, որ այս պահին պաշտոնական տեղեկություն փոխանցել չեն կարող:

ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը: