25 հոկտեմբերի 2019 - 12:55 AMT
Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային հանձնել քրդերի հրամանատարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:

«ԱՄՆ-ն մեզ պետք է հանձնի Մազլում կեղծանվամբ ահաբեկիչին, ով ներառված է առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակում։ Կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունն էլ այս ընթացքում գրավոր հարցում կանի և կպահանջի Թուրքիային հանձնել նրան։ ԱՄՆ-ն պետք է նրան մեզ տա»,-ասել է Էրդողանը՝ դատապարտելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահը կապ է պահպանում Մազլում Քոբանիի հետ, հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանը նաև դատապարտել է այն երկրներին, որոնք կապ են ունեցել հիշյալ քուրդ հրամանատարի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ 1997-ին Թուրքիան կարողացավ հասնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտահանձմանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում հայտնել էր, որ գոհ է մնացել Ֆերհադ Աբդիի հետ ունեցած հեռախոսազրույցից։ «Ինձ իրոք դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը։ Նա գնահատում է այն, ինչ մենք արեցինք, իսկ ես գնահատում եմ այն, ինչ արեցին քրդերը։ Հավանաբար եկել է ժամանակը, որ քրդերը շարժվեն դեպի նավթային պաշարներով հարուստ շրջան»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։