25 հոկտեմբերի 2019 - 15:45 AMT
23 համայնքի փոխարեն նախատեսվում է 3 խոշորը ձևավորել

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է 23 համայնքների միավորման արդյունքում ձևավորել 3 խոշորացված համայնք: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը` ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն, Կոտայքի մարզի Քասախ՝ Քասախ, Պռոշյան , ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն:

Նախագծում նշվում է, որ այսպիսով Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

«Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Որպես «շրջանային» տարբերակի լրացուցիչ հիմնավորում դիտարկվել է նաև այն հանգամանը, որ այդպիսով կկարգավորվեն միավորվող համայնքերի միջև ներկայումս առկա հողային վեճերը, որոնք առաջացել էին 2008-2011թթ. իրականացված հողային ռեֆորմի ընթացքում: Համայնքների միավորման արդյունքում այդ հողերը հնարավոր կլինի օգտագործել առավել արդարացի և հավասարակշռված սկզբունքով»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նախագծով կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը: