26 հոկտեմբերի 2019 - 16:57 AMT
Բաբայանի փաստաբան․ Գործը ՍԴ-ն նվաճելու միջոց է, Բաբայանը պատանդ է

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանները բողոքարկելու են ոչ միայն կալանքի, այլ նաև ՀՔԾ-ի կողմից Բաբայանի տեսակցությունների վրա արգելք դնելու որոշումը: Այս մասին, panorama.am-ի փոխանցմամաբ, ասել է Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ ստացել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումը և բողոքարկելու համար տասնօրյա ժամնկետ ունեն:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նաև նշել է, որ հոկտեմբերի 26-ին տեսակցել է իր պաշտպանյալին։ «Զգացողությունը լավ էր, տրամադրությունը` մարտական, ինքը շատ հանգիստ է, ամեն ինչ գիտակցում է, պատրաստ է այս զրկանքների միջով էլ անցնել»,-ասել է Վարոսյանը։

Վարոսյանի խոսքով՝ այս գործը հարուցվել է որպես Սահմանդրական դատարանը նվաճելու հերթական փորձ, իսկ Արսեն Բաբայանն էլ գործի շրջանակում պատանդ է:

Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում: Հատուկ քննչական ծառայության որոշմամբ կալանքի տակ գտնվող Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված: Հոկտեմբերի 25-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին թույլ չեն տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: