28 հոկտեմբերի 2019 - 10:32 AMT
Պոզներ. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին

Հայտնի ռուսաստանցի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում, պատասխանելով երիտասարդ ադրբեջանցի լրագրող Արզու Մամեդովային, ասել է, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին:

Արզու Մամեդովան, որը ներկայացել է որպես ադրբեջանցի Ղարաբաղից, դիմելով Պոզներին, ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչում»: Դրան ի պատասխան Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածք է», հայտնում է 1news.az-ը:

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները 2019-ի մայիսին հայտարարել էր, որ ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,-ասել է Պոզները:

Պոզները հայտարարել էր նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,-ասել է լրագրողը: