2020 թվականին նախատեսվում է ունենալ 4.9% տնտեսական աճի ցուցանիշ, իսկ հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1.602 տրլն դրամի չափ մուտք, ինչը բարելավում է՝ 0.3%-ով: Այս մասին «ՀՀ 2020 թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Նախագծում կանխատեսված է տնտեսական աճի 4.9 տոկոս ցուցանիշը, որը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր` արդեն դրա հիման վրա ձևավորված բյուջետային շրջանակի տեսանկյունից: Համարվում է, որ տնտեսական աճի ամենաբարձր հավանականությունը հենց այս ցուցանիշներին է բաժին ընկնում: Գնահատվում է, որ կարող է լինել ինչպես համեմատաբար ավելի ցածր ցուցանիշ, եթե արտաքին ազդակները լինեն բացասական, այնպես էլ բարձր: Այսինքն` տնտեսական աճը կարող է լինել նաև, օրինակ, 6-8%-ի միջակայքում, սակայն ավելի քիչ հավանականությամբ, քան 4.9%-ը»,-ասել է Ջանջուղազյանը:
Խոսելով ընթացիկ ծախսերի մասին՝ նախարարը նշել է, որ ենթադրվում է, որ դրանք մի փոքր կնվազեն. սպասվում է, որ այս տարվա 21.7% ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5%: Ջանջուղազյանի խոսքով՝ ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6% ցուցանիշ:
Նախարարը նաև խոսել է պետական պարտքի ցուցանիշների մասին՝ նշելով, որ նախատեսվում է, որ այս տարի կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 50%-ի միջակայքում, բացարձակ թվով, ակնկալվում է, որ այն կկազմի 7.3 մլրդ դրամ:
2018-ի տվյալներով՝ հարկային եկամուտները կազմել են 1.306 տրլն դրամ, 2019-ին սպասվող հարկային եկամուտները կկազմեն 1.464 տրլն դրամ: