28 հոկտեմբերի 2019 - 15:05 AMT
«Պոբեդայի» տոմսերը դեպի ՌԴ կթանկանան ոչ թե 25, այլ 5 եվրոյով

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն արտերկրի օդանավակայաններից դեպի ՌԴ թռիչքների տոմսերի գները կբարձրացնի 5, ոչ թե 25 եվրոյով, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել:

Տոմսերի նոր գներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 28-ից, հայտնում է Interfax.ru-ն:

Ավելի վաղ «Պոբեդայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ ընկերությունը բարձրացնելու է տոմսերի գները 25 եվրոյով, քանի որ դատարանն արգելել է ավիափոխադրողին գումար գանձել գրանցման համար արտերկրի օդանավակայաններում: Ուստի, ինչպես բացատրում էր «Պոբեդան», ավիաընկերությունը ստիպված է այդ գումարը ներառել տոմսի արժեքի մեջ:

«Պոբեդայի» չվերթերի վճարովի գրանցումը գործում էր 2018-ի հոկտեմբերից: Անվճառ կարելի է գրանցվել առցանց: Հոկտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել էր Մոսկվայի միջտարածաշրջանային դատախազության հայցը և պարտավորեցրել «Պոբեդային» չեղարկել վճարոի գրանցումը արտերկրի օդանավակայաններում:

ՌԴ օդանավակայաններում «Պոբեդան» գրանցման համար լրացուցիչ գումար չի գանձում՝ այն չի համարվում լրացուցիչ ծառայություն և ներառված է օդանավակայանի ընդհանուր գանձումների և տոմսերի արժեքի մեջ: