28 հոկտեմբերի 2019 - 20:55 AMT
Հունանյանի ազատման դիմումը բացասական զեկույցներ է ստացել

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի պարագլուխ Նաիրի Հունանյանը չի ազատվի բանտից։

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, Քրեակատարողական ծառայությունն ու պրոբացիայի ծառայությունը բացասական զեկույցներ են ներկայացրել Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։

Ընդունվել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: