29 հոկտեմբերի 2019 - 11:58 AMT
Երևանում կարող է «Քայլող մարդը» արձանը տեղադրվել

ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային քննարկում է անցկացվել՝ նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակները Հայաստան վերադարձնելու մասին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ քննարկման ընթացքում պայմանավորվել են աշխատել՝ առաջիկայում Երևանի կենտրոնական փողոցներից մեկում Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանը տեղադրելու ուղղությամբ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով քննարկմանը մասնակցել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Միաժամանակ, օրակարգում եղել է նաև Չաքմաքչյանի՝ առավել մեծ թվով գործերը Հայաստանում ներկայացնելու հարցը։

Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933-ին, սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում: Նրա հայտնի գործերից են «Հիրոսիմա», «Բերքահավաք», «Կոմիտաս», «Երկու ծավալ», «Նստած մարմին» և մի շարք այլ աշխատանքներ: Քանդակագործի աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, արտասահմանյան թանգարաններում: 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել էր Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդես: Չաքմաքչյանը մահացել 2019-ի հոկտեմբերի 1-ին: