29 հոկտեմբերի 2019 - 18:53 AMT
Փաշինյանը՝ Շոյգուին. Հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը

Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունելով:

Փաշինյանը շեշտել է, որ տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում է հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին: ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:

Սերգեյ Շոյգուն կարևորել սեպտեմբերի 29-ին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագրի ստորագրումը՝ վարչապետի հետ մտքեր փոխանակելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 29-ին: Նա հայտարարել է, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել տարածշրջանում առկա մարտահրավերներին և կայունության երաշխավոր է Կովկասում: